Այս տարի, մասնագիտական գործունեության հետ կապված, աշխարհում 119 լրագրող է զոհվել: Այս մասին հայտնում է Մամուլի միջազգային ինստիտուտն՝ իր Death Watch զեկույցում: Հետազոտողների տվյալներով՝ սա ռեկորդային ցուցանիշ է 1997 թվականից ի վեր, երբ կազմակերպությունը սկսել է հետևել լրագրողների սպանություններին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Զեկույցում ընդգրկված են այն լրագրողները, որոնց սպանել են, և նրանք, ովքեր զոհվել են հանձնարարություն կատարելու ժամանակ: Ինչպես նշվում է զեկույցում, լրագրողների մեծ մասը կանխամտածված սպանության զոհ է դարձել:
Ըստ զեկույցի՝ ամենավտանգավոր երկիրը եղել է Սիրիան: Մերձավորարևելյան այդ երկրում 2012-ին զոհվել է 36 լրագրող, ինչպես նաև մեդիայի հետ համագործակցող բազմաթիվ կամավորներ: Երկրորդ տեղում Սոմալին է, որտեղ կանխամտածված սպանվել են 16 լրագրողներ: Մեղավորներից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:Մեքսիկան, Պակիստանը և Ֆիլիպինները նույնպես ներառվել են լրագրողական գործունեության համար վտանգավոր երկրների ցանկում: