Պաղեստինցի գրոհայինները հինգ հրթիռ են արձակել Իսրայելի վրա զինադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, իսկ իսրայելական կողմը պատասխան կրակ չի բացել: Այս մասին հաղորդում է RIA Novostin-ն՝ վկայակոչելով Իսրայելի բանակի մամլո ծառայության ներկայացուցչին:
Գործակալության զրուցակցի խոսքերով, չորեքշաբթի՝ տեղի ժամանակով ժամը 21:00-ից հետո, Գազայի հատվածից արձակվել է հինգ հրթիռ, որոնցից երեքն ընկել են Իսրայելի տարածք, իսկ երկուսը որսացել է ՀՀՊ համակարգը: «Մենք պատասխան կրակ չենք բացել»,- ընդգծել է նա:
Reuters-ն իր հերթին, վկայակոչելով Իսրայելի ոստիկանության մամլո ծառայության աղբյուրը, հաղորդում է, որ պաղեստինցիների կողմից արձակվել է 12 հրթիռ:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև զինադադարն ուժի մեջ է մտել չորեքշաբթի տեղի ժամանակով ժամը 21:00-ին: Հաշտությունը հիմնված է «լռություն լռության դիմաց» սկզբունքի վրա, և պաղեստինյան հարձակումների վերսկսման դեպքում Իսրայելն իրավունք է վերապահում վերսկսել ռազմական գործողություններն ընդհուպ մինչև անկլավի տարածք ցամաքային զորք մտցնելը:









































