Սիրիահայերը Հայաստանում 4-5 առաջնային խնդիր ունեն, որ պետք է լուծեն՝ բնակարանի, ուսման, աշխատանքի և այլն: Ներկայում Հայաստան են տեղափոխվել մոտ 5-6 հզ. սիրիահայեր: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի ղեկավարներից Լենա Հալաջյանը, ՀՀ ժամանած սիրիահայերը գրանցվում են կենտրոնում: Եկողների մեծ մասը մնացել է այստեղ, մոտ 100 ընտանիք վերադարձել է Սիրիա՝ տարբեր պատճառներով՝ տնտեսական, հարազատների հետ կապված և այլն: Սիրիահայերի մի փոքր մաս էլ մեկնել է այլ երկրներ: Ըստ Լ. Հալաջյանի՝ մի մասն էլ ցանկություն ունի մեկնելու այլ երկիր, բայց մուտքի արտոնագրի և այլ խնդիրների պատճառով չի հեռանում:
Սիրիահայերի մի մասը ՀՀ-ում աշխատանք է գտել, գործ հիմնողներ դեռ չկան, քանի որ մարդիկ սպասման մեջ են՝ Սիրիայում իրադրության հանգուցալուծմանն են սպասում, որ կամ վերադառնան, կամ այնտեղ իրենց գործարաններն ու այլ շինությունները չեն կարողանում վաճառել, և ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այստեղ գործ չեն կարողանում հիմնել, մեկ այլ խանգարող հանգամանք է այն, որ ծանոթ չեն ՀՀ օրենքներին:
«Ապրուստն ավելի արժանի էր Սիրիայի մեջ, աշխատավարձերն էլ ավելի լավ էին: Հիմա հոս էլ լավ ենք, բայց ցանկացած ընտանիք, որ տեղափոխվում է, դժվարությունները նույն են՝ մինչև ինտեգրվես, աշխատանք գտնես և այլն»,- ասաց Լ. Հալաջյանը՝ նշելով, որ երկրորդ դժվարությունն այն է, որ հանկարծակի են լքել իրենց տունը, պարտադրված, և չէին կարող նախապատրաստվել:









































