Թուրքիայի հեռահաղորդակցության պատասխանատուները կրկին արգելափակում են YouTube կայքը: Այն արգելված կմնա, մինչեւ կայքից չհավեն ընդդիմության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալի ինտիմ կյանքին վերաբերող տեսանյութը: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Հիշեցնենք, որ YouTube կայքը Թուրքիայում արգելափակվել էր այն բանից հետո, երբ 2008թ. տեղադրվել էր երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին մի տեսանյութ: Կայքի արգելափակման որոշումը չեղյալ էր հայտարարվել անցած շաբաթ: Սակայն երեկ Դենիզ Բայքալի փաստաբանները դիմել են դատարան և ստացել թույլտվություն` կայքի արգելման մասին: Դատարանի որոշման վրա, հավանաբար ոչ ուղիղ, բայց ազդեցություն է ունեցել այն փաստը, որ կայքում կրկին հայտնվել է Աթաթուրքի վերաբերյալ վերոնշյալ տեսանյութը:
Հեռահաղորդակցության պատասխանատուները հիմա կա՛մ կդիմեն YouTube-ին` հանելու իրենց կողմից «անօրինական» համարված տեսահոլովակները, կա՛մ կարգելափակեն կայքը:
Մինչ այս պահը Թուրքիայում արգելափակված է մնում 6000 կայք: