ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվում է մանրամասներ բացահայտել Մերձավոր Արևելքում տիրող հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Պետդեպի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ չի կարող որևէ մանրամասնություն ներկայացնել։ «Կասեմ միայն այն, որ մենք կիրառում ենք դիվանագիտական բոլոր միջոցները»,-հայտարարել է նա:
Նուլանդը նաև նշել է, որ և՛ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, և՛ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հեռախոսազրույցներ են ունեցել հակամարտող կողմերի հետ, սակայն նրանք որոշել են, որ անձնական բանակցություններն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի հետ կարող են ավելի արդյունավետ լինել:
Նուլանդն ասել է, որ Քլինթոնի և Իսրայելի վարչապետի հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի ուշ երեկոյան, իսկ Աբբասի հետ հանդիպումը` չորեքշաբթի առավոտյան:









































