Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ համակարգող, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը նշեց, որ Կոնգրեսը պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ ունենում է և՛ ԲՀԿ-ի, և՛ ՀՅԴ-ի հետ: Լ. Զուրաբյանի խոսքով` արդեն իսկ կան համագործակցության եզրեր, սակայն «ոչ մեկը ոչ մեկին հավատարմության խոստում չի տվել»:
«Այն համագործակցությունը, որ արդեն ծավալվում է, ինչ-որ հույսեր ներշնչում է: Քաղաքականության մեջ առաջնորդվում են շահերով: Ես բազմիցս ասել եմ, որ ԲՀԿ-ն շահ ունի այս ռեժիմից ազատվելու: Հարցն այստեղ այն է, թե ինչքանո՞վ կարող են ազատվել այն կաշկանդվածությունից, որ ունեն: Ազատվելու որոշ նշաններ արդեն իսկ ցույց են տվել»:
Հարցին` ինչպե՞ս է ՀԱԿ-ը վերաբերվում այն հանգամանքին, որ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը թիվ 35 ընտրատարածքում սատարելու է իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Արման Սահակյանին և ոչ` ՀԱԿ թեկնածու Մուրադ Գրիգորյանին, ՀԱԿ համակարգողը պատասխանեց.
«Դա տեղական կառույցի որոշումն է: Այնտեղ գոյություն ունեն ԲՀԿ 3 տեղական կառույցներ, որոնցից միայն մեկն է նման որոշում ընդունել:
Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ նման որոշումը չի նպաստում համախմբման այն ոգուն, որը ստեղծվել էր վերջին օրերին»:









































