ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Գազայի հատվածում ռազմական գործողություն սկսելուց և հակամարտող կողմերին կոչ է արել անմիջապես դադարեցնել կրակը,- հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ պաղեստինյան անկլավում ցամաքային գործողությունը կհանգեցնի իրավիճակի «վտանգավոր սրման»: «Իրավիճակի հետագա սրումը վտանգի տակ կդնի ամբողջ տարածաշրջանը»,-հայտարարել է նա՝ Կահիրեում ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբիի հետ բանակցություններից հետո:
Պան Գի Մունը նաև հավելել է, որ կողմերն անհապաղ պետք է դադարեցնեն կրակը: Նա առաջնային խնդիր է համարել երկու անկախ պետությունների ստեղծման հարցը: «Այս խնդիրն այժմ կարևոր է, ինչպես երբևէ»,- ընդգծել է նա:
ԱՊԼ գլխավոր քարտուղարն իր հերթին կոչ է արել վերանայել պաղեստինցիների և իսրայելցիների միջև բանակցային գործընթացի ողջ մեխանիզմը:
Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Իսրայել՝ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններ վարելու համար: Նրա հետ միասին Իսրայելում է գտնվելու նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:








































