Երկուշաբթի պաղեստինցիները կիսով չափ թուլացրել են Իսրայելի տարածքների հրթիռակոծումը և կրել են ռեկորդային չափի կորուստներ Գազայի հատվածում ռազմական գործողությունները սկսելու ժամանակից ի վեր: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով իսրայելական բանակի և պաղեստինցի բժիշկների տվյալները:
Երկուշաբթի պաղեստինցիները 67 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, այն դեպքում երբ, կիրակի արձակվել է 105, իսկ շաբաթ՝ 107 հրթիռ: Իսրայելի «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը որսացել է 43 հրթիռ: Հինգ օրերի ընթացքում առաջին անգամ պաղեստինցիների հարվածները սահմանափակվել են Իսրայելի հարավով և չեն տարածվել Թել Ավիվի վրա:
Իսրայելական բանակի տվյալներով՝ ռազմական գործողության սկզբից Իսրայելի տարածք ընկել է ավելի քան 650 հրթիռ, «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը որսացել է շուրջ 340 հրթիռ: Իսրայելն այս ընթացքում տվել է երեք զոհ:
Իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է շուրջ 108, վիրավորվել ավելի քան 850 պաղեստինցի: Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկուշաբթի, որը դարձել է գործողության ամենաարյունալի օրը, զոհվել է անկլավի 37 բնակիչ՝ ինչպես գրոհայիններ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:
Բարձրահարկ շենքի վրա իսրայելական օդուժի իրականացրած հարձակման ժամանակ, որտեղ գտնվում էին օտարերկրյա և տեղական մի շարք ԶԼՄ-ների գրասենյակներ, զոհվել է «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդներից մեկը: Իսրայելի բանակի տեղեկատվության համաձայն՝ երկուշաբթի հարձակման են ենթարկվել նաև տասնյակ թիրախներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից Իսրայելի օդուժը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների դեմ:













































