«Էմմի» միջազգային մրցանակը (International Emmy Awards) հեռուստատեսային լրատվական ծրագիր անվանակարգում շնորհվել է ճապոնական NHK հեռուստաընկերությանը,- հաղորդում է Հեռոստատեսային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայի (International Academy of Television Arts & Sciences) կայքը:
Մրցանակը ճապոնական հեռուստաընկերությանը շնորհվել է 2011 թ. երկրի պատմության մեջ ամենաուժեղ երկրաշարժի հետևանքների լուսաբանման համար:
Տեղեկատվական ծրագրերի անվանակարգում տեղ էին գտել նաև բրազիլիական Globo-ն և կատարյան «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը:
«Էմմի» միջազգային հեռուստատեսային 40-րդ մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին Նյու Յորքում: Մրցանակը շնորհվում է Հեռուստատեսային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայի կողմից։










































