Չարագործների մի խումբ գերեվարել էր Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի օգնական և հաշվապահ 71-ամյա Ջուզեպպե Սպինելիին և նրա կնոջը։ Այս մասին հաղորդում է Life News-ը:
Չարագործները ներխուժել են Սպինելիի տուն հոկտեմբերի 15-ի ուշ երեկոյան: Հաջորդ օրը նրանք Սպինելիին ստիպել են զանգահարել Բեռլուսկոնիին և 44 միլիոն դոլար փրկագին են պահանջել ընկերոջ դիմաց: Փոխարենը, հանցագործներն առաջարկել են փոխանցել Բեռլուսկոնիին փաստաթղթեր, որոնք որոշիչ դեր կարող էին ունենալ նրա դատական գործընթացում:
Չսպասելով միլիարդատիրոջ ռեակցիային՝ հանցագործները իրենց պահանջները ներկայացնելուց մի քանի ժամ հետո հեռանում են Սպինելիի տանից՝ վերցնելով շենքի հսկիչ տեսախցիկների ձայնագրությունները:
Տուժածները ոստիկանություն են դիմել միայն հաջորդ օրը: Իշխանությունները ձերբակալել են երեք իտալացիների և Ալբանիայի մեկ քաղաքացու՝ այս գործին առնչություն ունենալու կասկածանքով:
Բեռլուսկոնին այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն չի արել։