Ուրուգվայի արտգործնախարարությունը պատասխանել է երկրի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակության Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարության հղած բողոքի նոտային։
«Ազատություն» ռադիոկայանը հղում անելով՝ «Թրենդ» լրատվական գործակալությանը փոխանցում է, որ Ուրուգվայի ԱԳՆ-ի պատասխանում ասված է, մասնավորապես, որ պաշտոնական Մոնտեվիդեոյի միջազգային գործունեությունը հիմնված է պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ներքին գործերին չմիջամտելու, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների վրա։
«Ուրուգվայը խորը և ավանդական կապեր ունի Հայաստանի Հանրապետության և բարեկամական ու կառուցողական հարաբերություններ` Ադրբեջանի Հանրապետության հետ։ Ուրուգվայի կառավարության ցանկությունն է` ջանքեր գործադրել Ուրուգվային բարեկամ երկու պետությունների միջև տարաձայնությունների վերացման համար` երկխոսության, համաձայնության և խաղաղ այլ միջոցերով, որոնք կպահպանեն երկու ժողովուրդների համագործակցությունը և համակեցությունը։ Դա նաև կհանգեցնի ապագայում ամբողջ տարածաշրջանի բարգավաճմանը և բարեկեցությանը», – հայտարարել է Ուրուգվայի արտգործնախարարությունը` վստահեցնելով, որ տեղի ունեցած այցի հիմքում այլ նպատակներ և մտադրություններ չեն եղել։








































