Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմական արդյունաբերության փոխնախարար Մուրադ Բայարը հայտարարել է, որ տեղական արտադրության Anka անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) զանգվածային արտադրությունը սկսվելու է հաջորդ տարի:
Հիշեցնելով, որ Ankan-ն նախորդ ամիս կործանվել էր փորձարկման ժամանակ՝ Բայարը հայտարարել է, որ իրենք անցկացնում են տեխնիկական հետազոտություն՝ ԱԹՍ-ի կործանման պատճառները պարզելու համար: Նա հավելել է, որ իրենք շարունակելու են 4 Anka-ով իրենց փորձարկումները և դրանց հաջող ավարտից հետո պլանավորում են այդ ԱԹՍ-ի զանգվածային արտադրությունը սկսել 2013 թվականին և դրանք դնել զինված ուժերի տրամադրության տակ:
Հիշեցնենք, որ Թուրքիան պլանավորել է Anka ԱԹՍ-երը լայնորեն կիրառել PKK-ի դեմ պայքարում և սեփական տարածքում գտնվող խողովակաշարարերի պաշտպանության համար:
Anka-ն առաջին անգամ հրապարակավ ցուցադրվել է 2010 թվականին, իսկ առաջին թռիչքն իրականացվել է 2011 թվականի սկզբին: Anka-ի առավելագույն թռիչքային քաշը 1.5 տոննա է, իսկ օգտակար բեռնվածությունը՝ 250 կիլոգրամ: Anka-ն ի վիճակի է թռչել մինչև 9100 մ բարձրության վրա և օդում մնալ մինչև 24 ժամ: Anka-ի թևերի բացվածքը կազմում է 17.3 մետր: Anka-ի նախագծի մշակումը գնահատվում է 107 միլիոն դոլար:








































