Հրապարակախոս Արա Նեդոլյանից հետաքրքրվեցինք՝ 2008-ից իր նախանշած մշակութային հեղափոխությունն արդյո՞ք տեղի ունեցավ:
«Այսօր կան անցած հինգ տարվա պայքարի արդյունքում ձևավորված այն քաղաքացիները, որոնք մշակութային հեղափոխության պատվիրատուն են ու կրողը, սակայն հիմա մենք ապրում ենք պատմական (համոզված եմ՝ անցողիկ) այն պահը, երբ կորցրել ենք համընդհանուր լեզվի, համընդհանուր մտքի զարգացումը, մեզ միավորող դիսկուրսը: Քայլում ենք բողոքի նույն երթում, կանգնում նույն պիկետում, նայում ենք իրար, բայց խոսում հիմնականում մտքում, միասնական նոր խոսքի հանրային արտաբերման ամբիոնը ոնց որ փակվի: Ներքուստ՝ գաղափարը հիմնավորվում է, շարունակում իր լուռ զարգացումը, որ մի գեղեցիկ օր նորից բերի համընդհանուր խոսքի զանգվածային կերպարանափոխման»,- նշեց հրապարակախոսը:
Ըստ նրա՝ դա կապված է ընտրությունների հետ. նախորդ՝ խորհրդարանական ընտրություններն անցան առանց քաղաքական ուժերի կողմից մշակված նոր քաղաքական խոսքի արտաբերման: Առայժմ հենց այդպես է ընթանում նախագահական ընտրությունների մեկնարկը:
Նրա կարծիքով՝ ոչ մի կոմբինացիա քաղաքական ուժերի կողմից չի փոխարինի նոր խոսքի ամենօրյա արտաբերմանն ու զարգացմանը. «Միգուցե հաջող քաղաքական կոմբինացիան սուբյեկտիվորեն թույլ տա նրանց նորից դառնալ խոսքի կրող, նորից ձայն առնել, սակայն քաղաքական ուժերը պետք է միշտ հիշեն, որ իրենք իշխանության են գալու ոչ թե իրենք իրենցով, մեկը մեկով, ոչ էլ արտասահմանյան քաղաքական ուժերի աջակցությամբ, այլ միայն ժողովրդով, իսկ դա նշանակում է՝ ամեն մեկը պետք է քաղաքականանա, պետք է քաղաքական լեզու առնի, միտք ու տեքստ արտաբերի»:
Ա. Նեդոլյանը հիշեցրեց այն կատաղի վեճերը, որոնք անգամ ընտանիքի անդամներին բաժանում ու միացնում էին 2008-11 թթ., նաև դրանից առաջ՝ 1988-92 թթ, և դրանից էլ առաջ՝ 1917-22 թթ.։ Մշակութային հեղափոխությունը, իշխանափոխությունը, պետության կերտումն ու հասարակության վերակերտումը կատարվում են այն ժամանակ, երբ սկսում են խոսել բոլորը՝ տանը և աշխատանքում, փողոցում ու հրապարակում, առօրյայում՝ տնտեսական, մշակութային, մասնագիտական:
«Անհատական ազատություն, ինքնիշխանություն ստանալը արտահայտվում է հենց հանրային խոսքի իրավունքը ձեռք բերելով, հպատակը լռում է, խոսում է ազատը, ազատագրվողը»,– վստահեցնում է հրապարակախոսը:
Քաղաքական առաջնորդները, Արա Նեդոլյանի կարծիքով, այդ խոսակցության առաջին հրապարակային մենակատարներն են: Իսկ ԲՀԿ-ն, լինելով մինչ հիմա բացարձակ լռակյաց ուժ, «ինքնագոհ լռության մարմնավորում», հիմա չի բացառվում, որ սովորելու է կամ ստիպված է լինելու այս կամ այն չափով սովորել խոսել, այսինքն՝ խոսել քաղաքական լեզվով, արժեքային լեզվով, գաղափարական լեզվով, կոնցեպտուալ լեզվով:
Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք ակնկալիք կա՞, որ ԲՀԿ-ն կարող է մշակութային հեղափոխություն.կատարել՝ մեր զրուցակիցն ասաց. «Թե ինչքանով դա նրան կհաջողվի, ինչքան բան կկարողանա արտաբերել՝ դժվար է ասել, ախր շատ չխոսկանն էր՝ և՛ իր պատմությունով, և՛ իր կառուցվածքով ու անձնախմբով: Եթե սկզբի համար հենց իր անվանումը խնդրականացնի, սկսի ասել ու տրամաբանել, թե ինչ է բարգավաճումը, ով պետք է բարգավաճի և ինչպես, կարծում եմ, արդեն վատ չի լինի, լիքը խնդիրներ առաջ կգան: Սակայն վստահ եմ, որ հանրային ձայն առնելու ընթացքը կատարվելու է ո՛չ ԲՀԿ-ի շուրջ, ո՛չ իր բառապաշարով»:
Հարցին՝ ՀԱԿ-ին սատարող մտավորականներն արդյո՞ք ԲՀԿ–ի և ՀԱԿ–ի համագործակցություն կամ ընդհուպ «ամուսնություն» էին ակնկալում, Արա Նեդոլյանը պատասխանեց. «Բնավ ոչ, դա ընկալվում էր և ընկալվում է իբրև ավազակապետական բուրգ քանդելու տեխնոլոգիա, հնարք՝ բուրգի մեկ եզրը հակադրվում է մյուսին: Սակայն, հրապարակային գործունեության դադարեցումը, լռության հաստատումը՝ այ սա է մտահոգում մարդկանց: Չգիտեմ՝ արդյոք նրա համար, որ ԲՀԿ-ն իրենից մի քանի աբստրակտ խոսք կասի խորհրդարանական կառավարման մասին օրինակ, անհրաժեշտ էր, որ լռեր Կոնգրեսի հզոր սիմֆոնիա՞ն… Իհարկե, լռությունը, այսպես թե այնպես պարտադրում է մյուսներին խոսել սկսել, բայց չե՞նք կորցնի արդյոք արդեն ձևավորած խոսքն՝ իր զարգացման բոլոր հեռանկարներով, չե՞նք կորցնի խոսողներին, և կարևորը՝ խոսելու ցանկությունը… Այ, դա իսկապես մտահոգում է»։











































