Հայաստանում բյուջեի գումարներով, կամ այլ կերպ ասած՝ հարկատուների փողերով, բուժման իրավունք ունեն ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը և ՀՀ ժամանող պետական պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, սակայն դժվարացան նշել` արդյոք նախկինում արտասահմանցի հյուրերը օգտվե՞լ են նման ծառայությունից:
Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ 2013 թվականի պետական բյուջեի նախագծով «Առողջապահություն» բաժնի «Այլ բուժօգնության և սպասարկման գծով ծառայություններ» ծրագրով բարձրաստիճան պաշտոնյաների բժշկական սպասարկման համար նախատեսվում է 15 մլն դրամ:
Նշված ծախսերը, որպես առանձին ծրագիր, ՀՀ պետական բյուջեում առանձնացվել են սկսած 2008 թվականից: Մինչ այդ, բարձրաստիճան պաշտոնյաների բժշկական սպասարկումը իրականացվել է համապատասխան բժշկական կազմակերպություններին տրամադրված ընդհանուր ծախսերի շրջանակներում:
ՀՀ 2011թ. պետական բյուջեի «Այլ բուժօգնության և սպասարկման գծով ծառայություններ» ծրագրով նախատեսվել և տարեկան հաշվետվության տվյալներով ծախսվել է 15 մլն դրամ, իսկ 2012թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 15 մլն դրամ, որի դիմաց 9 ամսվա հաշվետվությամբ 01.10.2012թ. դրությամբ ծախսը կազմել է 11 մլն 250 հազար դրամ:








































