Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ`Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ:
Հանդիպման ժամանակ Ալասանիան հայտարարել է, որ վրացի զինծառայողները Աֆղանստանի անվտանգության ուժերին կօգնեն նաև 2014 թվականին այդ երկրից ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերումից հետո:
Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության հարցը, ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրվելու հեռանկարները և Աֆղանստանում ISAF-ի օպերացիաներին վրացական զինվորական կոնտինգենտի մասնակցության հարցը:
Ալասանիան ընդգծել է, որ Վրաստանը շարունակում է մնալ ԱՄՆ հուսալի գործընկերը և պատրաստ է իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ապահովման հարցում: Գորդոնն ու Ալասանիան քննարկել են նաև ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի առաջիկա վրացական այցը, որը հետաձգվել է և պետք է տեղի ունենա 2013 թվականի առաջին կեսին:
Ֆիլիպ Գորդոնը Վրաստան է ժամանել նոյեմբերին 15-ի և Վրաստանը լքելու է այսօր:









































