Грузия Online-ի փոխանցմամբ` կանխատեսվում է, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը երկուշաբթի մեղադրանք կներկայացնի Բաչո Ախալայայի եղբորը` Վրաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին պետ Դատա Ախալայային:
Այս մասին «Պալիտրա» ռադիոկայանի եթերում հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլի Կբիլաշվիլին: Վերջինիս խոսքերով` Դատա Ախալայան մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ:
Կբիլաշվիլին ընդգծել է, որ ցուցմունքները միանշանակ վկայում են, որ մի շարք գործողություններ իրականացվել են Դատա Ախալայայի հրահանգով ու նրա մասնակցությամբ: Կբիլաշվիլիի խոսքերով` մասնավորապես, միջադեպերից մեկը կապված է ապօրինի ձևով տեղեկատվության ստացման հետ:
Կբիլաշվիլին կանխատեսում է, որ Դատա Ախալայային հեռակա կարգով մեղադրանք կներկայացվի երկուշաբթի, քանի որ նա Վրաստանում չէ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ Ախալայա եղբայրները թաքնվում են Թուրքիայում և սպասում են ամերիկյան վիզայի ստացմանը: Դրանից հետո Բաչո Ախալայան վերադարձավ Վրաստան և ձերբակալվեց: Նրա գործով առաջին դատալսումը տեղի է ունենալու հաջորդ տարվա հունվարի 4-ին:










































