ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համոզմունքն է՝ «պարտադիրը» պետք է մնա: Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ չգիտի, թե հետագայում այդ կապակցությամբ ինչ որոշում կկայացվի:
Ինչ վերաբերում է ոչիշխանական ուժերի ներկայացրած՝ 12-կետանոց պահանջներին, Սահակյանն ասաց, որ դրանց մի մասն իրենց ծրագրում էլ կա, և եթե նույնիսկ ինչ-որ կետեր կատարվեն, ապա նրա համար չէ, որ այդ ուժերը «աշնանը միտինգ են անելու»:
Հարցին, թե «թասիբի» հա՞րց է Հանրապետականի համար՝ չկատարել ընդդիմության պահանջները, Գալուստ Սահակյանն ասաց. «Ոչ, այնպես չէ, որ մենք ընդդիմությանը բանի տեղ չենք դնում: Այն կետերը, որոնք ներկայացվել են ոչ թե ՓիԱր-ի, այլ պետության շահերի համար, մեզ համար ընդունելի են»:
Հետաքրքվեցինք, թե արդյոք կփոխի՞ Հանրապետական կուսակցությունն իր տեսակետը 100 տոկոս համամասնական ընտրական համակարգին անցնելու վերաբերյալ: Գալուստ Սահակյանն ասաց, որր իրենք ողջունում են ցանկացած քննարկում և պատրստակամ են համագործակցել ու այդ տեսակ խնդիրներ քննարկել ցանկացած քաղաքական ուժի հետ:









































