Կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը ժամանակավրեպ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը՝ խոսելով ներքաղաքական զարգացումների շուրջ:
Մասնավորապես անդրադառնալով ԲՀԿ հետ քաղաքական կոնսուլտացիային՝ նա ասաց, որ համաձայնել են ԲՀԿ հետ հանդիպել քննարկելու համար կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու նրանց առաջարկը:
«Մեր մոտեցումն այն է, որ այս հարցերը մինչ նախագահական ընտրությունները բարձրացնելը նպատակահարմար չէ, և այդպիսի պրոցես դիտարկել հնարավոր չէ: Համամասնական ընտրակարգի շատ ավելի գերակայության հաստատմանը կարելի է անդրադառնալ նախագահական ընտրություններից հետո, այս պահին սա ոչ ռեալ է, ոչ հնարավոր: Ժամանակավրեպ է նաև կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկը: Այս հարցերը կարելի է քննարկել նախագահական ընտրություններից հետո»,- պարզաբանեց ՕԵԿ խմբակցության քարտուղարը՝ շարունակելով, որ ՕԵԿ-ն ընդունել է ԲՀԿ հանդիպման առաջարկը, քանի որ ինչ-որ հարցերի շուրջ քննարկումները շփման ձև է, ուստի ընդունել են նաև ՀՅԴ հանդիպման առաջարկը:
Նա հիշեցրեց, որ ժամանակին ՕԵԿ-ն է պայքարել մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորական տեղերի պակասեցման համար:
Խոսելով ՕԵԿ բարեփոխումներից՝ ասաց, որ դրանք սկսվել են ԱԺ ընտրություններից առաջ: «Ընտրություններից հետո, վերլուծելով իրավիճակը, մենք իրականացրեցինք բարեփոխումներ: Խոսքը միայն ՕԵԿ անդամակցության փորձաշրջանին չի վերաբերում, այլ կուսակցական մենեջմենթի հիմնահարցերին: Կուսակցության անդամակցության երկու ամիս փորձաշրջանը նորմալ երևույթ է: Խնդիրը հետևյալն է՝ մարդ գալիս է կուսակցություն, սակայն իրական գործունեությունը երևում է երկու ամսում: Կուսակցական գործունեությունը նաև որոշակի կազմակերպչական գործողություններ են»,- հստակեցրեց Շահգելդյանը:









































