Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել: Միջազգային հանրությունը պետք է անի ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը միջազգային սկզբունքների համաձայն կարգավորելու համար: Trend գործակալության տեղեկացմամբ՝ այս մասին այսօր ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ հանդես գալով ADA համալսարանում «Եվրամիություն-Ադրբեջան. Նոր հնարավորություններ ու մարտահրավերներ» թեմայով դասախոսությամբ:
Բարոզուն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի համար ցավոտ է: Նա նկատել է, որ չնայած զինադադարի ռեժիմի սահմանումից անցել է 20 տարի, խաղաղություն դեռ հաստատված չէ:
Բարոզուն հավելել է, որ ԵՄ-ն կողմերին հաշտություն է ցանկանում ու աջակցում է այդ ուղղությամբ Մինսկի խմբի գործողություններին:
Նա նաև ընդգծել է, որ սխալ է համարում ԵՄ-ին ուղղված մեղադրանքը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի չկարգավորման հարցում: Նա նշել է, որ տվյալ կոնֆլիկտը հարուցել է ոչ թե ԵՄ-ն, այլ այլ ուժեր: