Նոր աշխատավայրերի ստեղծումը և ազգային տնտեսության վերականգնումն ԱՄՆ վարչակազմի «առաջնային խնդիրներն են»: Այս մասին, ինչպես հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները, այսօր հայտարարել է նախագահ Բարաք Օբաման՝ ընտրություններից հետո իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ։
Պետության ղեկավարը նշել է, որ իշխանությունները մինչև տարվա վերջը «պետք է ընդունեն շատ կարևոր և վճռական որոշումներ»` հաշվի առնելով ունևոր ամերիկացիների համար հարկային արտոնությունները չեղյալ հայտարարելու հարցը: Ըստ նրա՝ «եթե այդ հարցը մոտ ապագայում չլուծվի, ապա հարկերը ինքնաբերաբար կբարձրանան երկրի բոլոր քաղաքացիների համար»:
Դիմելով Հանրապետական կուսակցությունից իր այն ընդդիմախոսներին, ովքեր պնդում են պահպանել արտոնությունները, նա զգուշացրել է, որ «այս մարտահրավերին դիմակայելու միայն մի եղանակ կա` համատեղ գործել»:
Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ «պատրաստ է փոխզիջումների և բաց է նոր գաղափարների համար»: «Ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի առաջընթաց ունենալ»,- հավելել է նա: