Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ հանդես է գալիս Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ Ժան Կլոդ Յունկերի թեկնածության դեմ։
«Վարչապետ. Մեծ Բրիտանիայի բոլոր խոշորագույն կուսակցություններն այժմ միասնական են մի բանում. Ժան Կլոդ Յունկերը չպետք է լինի Եվրահանձնաժողովի ղեկավարը»,- ասվում է բրիտանացի վարչապետի մամլո ծառայության պաշտոնական Twitter-ում։
Ավելի վաղ, գերմանական Spiegel ամսագիրը, հղում անելով աղբյուրին, հայտնում էր, թե Քեմերոնը մայիսի վերջին եվրոպական առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում հանդես էր եկել Յունկերի թեկնածության դեմ, որին պաշտպանում է ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը, և հայտարարել էր, որ նրա նշանակումն Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում կմեծացնի ԵՄ-ից երկրի դուրս գալու հավանականությունը։
Բրիտանացի վարչապետը համարել էր, որ նման որոշումը կարող է ապակայունացնել իր կառավարությունը, ինչը կհանգեցնի ավելի վաղ, քան նախատեսվում է, հանրաքվեի անցկացման ԵՄ-ին երկրի անդամության վերաբերյալ, ինչպես նաև կմեծացնի հավանականությունը, որ մեծամասնությունը կարտահայտվի միությունից դուրս գալու օգտին։
Ավելի վաղ,Քեմերոնը հայտնել էր, որ խորհրդարանական ընտրություններում (որոնք տեղի են ունենալու 2015-ին) պահպանողական կուսակցության հաղթանակի դեպքում նա կանցկացնի հանրաքվե երկիրն Եվրամիության կազմից 2017-ին դուրս գալու մասին։
ԵՄ գործադիր իշխանության գերագույն մարմնի ղեկավարի պաշտոնի հնարավոր թեկնածուների թվում նշվում էր, նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը, սակայն ուրբաթ նա բացառել է այդ հնարավորությունը՝ հայտարարելով, թե առայժմ մտադիր չէ հրաժարվել զբաղեցրած պաշտոնից։











































