Հայաստանում, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերի քառյակի արձագանքը Աստանայի իրադարձություններին վկայեց Հայաստանում կատարված հստակ բաժանման մասին՝ իշխանությունների եւ ոչ իշխանականների միջեւ կամ, ավելի ճիշտ կլինի ասել, Սերժ Սարգսյանի եւ ոչ իշխանականների միջև: Ոչ իշխանական քառյակը Աստանայում տեղի ունեցածի, դրսևորված մեծ մարտահրավերի ֆոնին, «»Ժառանգություն«» խմբակցությունում հավաքվում եւ քննարկում է ինչ-որ 12 կետեր, որոնք պետք է ներկայացվեն Հովիկ Աբրահամյանի կառավարությանն ու ժամանակ տրվի մինչև աշուն, հետո միասնական հանրահավաքով քննելու են Հովիկ Աբրահամյանի կատարածը: Այսպիսով, ոչ իշխանական քառյակը ըստ էության հայտարարում է ամառային հրադադար կամ զինադադար՝ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը տալով այսպես ասած՝ «վաստակած հանգստի» իրավունք:
Այս ընթացքում Սերժ Սարգսյանն էլ հանգստի իր իրավունքն է վաստակել քառյակից, քանի որ ներքաղաքական կյանքի վերաբերյալ 12 կետերի սահմանումով, ըստ էության, անուղղակիորեն տրվում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական քարտ-բլանշը՝ ինչ ուզում ես արա: Այսինքն՝ այն բաժանումը, որի մասին մենք առիթ ենք ունեցել խոսելու մեր նախորդ հրապարակումներում, ևս մեկ անգամ ըստ էության դրսևորվում է բավական հստակ՝ «քեզ՝ արմատը հողումը, մեզ՝ տերևն ու ցողունը», կամ հակառակը, կարեւոր չէ: Սերժ Սարգսյանը ներսը հանձնում է քրեաօլիգարխիկ համակարգին, որի «սեպագիր արձանագրությունն» է քառյակը, իսկ արտաքին ոլորտում ստանում լիակատար ինքնուրույնության և անվերահսկելիության իրավունք: Սակայն անվերահսկելիությունը, ամենայն հավանականությամբ, այստեղ պայմանական իմաստ ունի, այսինքն, դերաբաշխումը կատարվել է ոչ թե Հայաստանում, այլ Մոսկվայում: Կամ կնքվել է Մոսկվայում:
Այսինքն՝ այնտեղ է գծվել Հայաստանի «ներքաղաքական սցենարը՝ լիակատար հավանություն եվրասիական գաղութացմանը և ոչ մի դժգոհություն այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանի գործողություններից, հավանություններից և կապիտուլյացիոն ակտերից՝ փոխարենը սահմանների ընդլայնում ներքաղաքական տիրույթներում, ներիշխանական տիրույթներում, այսպես ասած, կարիերայի հետագա առաջընթացի խոստումներով: Արդյունքում մենք ստանում ենք ոչ միայն ռուսահպատակ, սովետապաշտ իշխանություններ, այլև նրանց հայելային կրկնօրինակ ոչ իշխանական դաշտ:
Մենք պարզապես ականատես ենք դառնում Հայաստանում կառավարության փոփոխությունների ռենտգենային դիտարկման կամ, ըստ էության, լյուստրացիոն զարգացումների, ինչ խոսք՝ ոչ դասական իմաստով: Ուղղակի պարզ է դառնում, թե տեղի ունեցած գործընթացներում, որոնք բերեցին մեծ ներիշխանական վերադասավորումների, ով՝ ով էր և ինչով էր զբաղված: Ըստ էության, Հայաստանում ամփոփվում է մի ամբողջ քաղաքական ցիկլ՝ մարտի 1-ից սկսած: Այդ ցիկլի ընթացքում տեղի է ունեցել ոչ թե իշխանության ուզուրպացիա՝ դա արդեն իսկ առկա էր մինչև մարտի 1-ը, այլ ըստ էության տեղի է ունեցել ընդդիմության, ընդդիմադիր դաշտի ուզուրպացիա, և այդ դաշտը Հայաստանի հասարակության ձեռքից աստիճանաբար, քայլ առ քայլ վերցվել և դրվել է կայսերական ենթակայության տակ: Առանց այդ ամենի հնարավոր չէր լինի Հայաստանի ուզուրպացիան, որին ականատես ենք լինում սեպտեմբերի 3-ից ի վեր՝ ինտենսիվ կարգով և որքան ինտենսիվ է այդ գործընթացը, այնքան էլ, զարմանալիորեն, համբերատար են դառնում ոչ իշխանական ուժերը:








































