ԱՄՆ իշխանությունները մտադիր են դրդել Պրահային և Բրատիսլավային ավելի սերտ համագործակցել ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ չնայած Չեխիայի և Սլովակիայի բացասական արձագանքին իրենց տարածքում դաշնակցային ստորաբաժանումների տեղակայման վերաբերյալ:
Անցած շաբաթ Վարշավա կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ երկիրը կավելացնի ուժերը Արևմտյան Եվրոպայում և կաջակցի ՆԱՏՕ-ի կազմի մեջ չմտնող դաշնակիցների պաշտպանունակության բարձրացմանը: Նա նաև հայտարարել է Վաշինգտոնի պատրաստակամության մասին՝ 1 մլրդ դոլար տրամադրելու տարածաշրջանում ռազմական ներկայության ուժեղացմանը՝ հաղորդում է Wall Street Journal-ը:
Ի պատասխան՝ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ դեմ է հանրապետության տարածքում ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների տեղակայմանը:
«Սլովակիան արդեն ունի իր պատմական փորձը՝ օտարերկրյա ռազմական ուժերի ներկայության հետ կապված: Հիշենք 1968 թվականի ներխուժումը»,- ասել է նա:
Նման հայտարարությամբ ելույթ է ունեցել նաև Չեխիայի ՊՆ ղեկավար Մարտին Ստրոպնիցկին, իսկ վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան հայտարարել է, որ Չեխիան հիմա անհրաժեշտություն չի տեսնում Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության համար:
Ինչպես նշում է պարբերականը՝ նման հայտարարությունները վիրավորել են ԱՄՆ-ի դիվանագիտական շրջանակներին, այդ պատճառով ամերիկյան պաշտոնյաները կշարունակեն ՆԱՏՕ-ի երկրներին դրդել Կենտրոնական Եվրոպայում ավելի սերտ համագործակցության:
«Բոլոր քայլերը կձեռնարկվեն ՆԱՏՕ-ի շրջանակում փոխադարձ համաձայնագրերից և այլ միջազգային պարտավորվածություններից ելնելով»,- նշվել է Պրահայում ամերիկյան դեսպանատան հայտարարության մեջ:










































