ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում աշխատելիս ԱՄՆ նախագահին նախազգուշացրել է, որ ապագայում Ռուսաստանի հետ հարաբերություններում կարող են լինել «ծանր օրեր»: Այս մասին գրում է Washington Post-ը` մեջբերելով հատվածներ նրա հուշերի գրքից:
Քլինթոնի նոր`Hard Choices («Դժվարին այլընտրանքներ») գիրքը լույս կտեսնի հունիսի 10-ին:
Քլինթոնը գրում է, որ 2012-ի հունիսին Օբամայի և Պուտինի հանդիպումից առաջ նա ԱՄՆ-ի առաջնորդին կոչ է արել «հասնել շահերին ծանր ճանապարհով», քանի որ Պուտինը «նվերներ չի բաժանում»: Իսկ 2013-ին` ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում գտնվելու վերջին օրերին, Օբամային զգուշացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր բարդացման մասին: «Սպիտակ տանը ոչ բոլորը համաձայնեցին իմ բավականին կոշտ վերլուծության հետ»,- գրում է Քլինթոնը:
Բացի այդ, իր գրքում Հիլարի Քլինթոնը բավականին խիստ է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին` հայտարարելով, թե «ծանր մարդիկ ներկայացնում են ծանր ընտրություններ», իսկ «ուժն ու վճռականությունը միակ լեզուն է», որը հասկանում է Ռուսաստանի նախագահը:











































