«Ընդհանուր առմամբ չի կարելի ասել, որ Եվրախորհրդարանի ընտրությունները Հայաստանի կամ հայության համար լավ է կամ ոչ: Եթե վերցնենք Հայաստան-Եվրամիություն բարեկամության խմբի չափանիշներով, մոտավորապես կեսը վերընտրված են, իսկ եթե չափանիշը նախկին խորհրդարանի հայամետ կամ ադերբաջանամետ պատգամավորներին է վերաբերվում, Ադրբեջանի բարեկամները թվով ավելի քիչ են, քան հայերն են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Պետո Դեմիրճյանը՝ անդրադառնալով Եվրախորհրդարանի ընտրություններին:
«Դեռևս հանձնախմբերը կառուցված չեն, և հայտնի չեն, թե որ պատգամավորը որ հանձնախմբի մեջ կլինի, անհատ երկրների զեկուցողները նշանակված չեն: Օրինակ, կար հոլանդացի պատգամավոր, որ Թուրքիայի նկատմամբ ակնհայտ լավ դիրքորոշում ուներ, զեկուցողն էր՝ այժմ ընտրված չէ: Հիմա եթե մեկը նշանակվի, որ իր տեղը Թուրքիայի տարեկան զեկույցը ներկայացնի, կարող է լինել և պրո և հակառակը, այժմ չենք ուզում հստակ ինչ-որ գնահատական տալ»,- ասաց մեր զրուցակիցը:
Պետո Դեմիրճյանի դիտարկմամբ՝ Եվրախորհրդարանի ընտրություններում խոսեց ժողովուրդը․ «Մենք ուզենք, թե չուզենք, պետք է հարմարվենք: Եվրոպայի ժողովուրդն այս կերպ քվեարկեց: Հավանենք, թե չհավանենք, Եվրոպայում գործում են աջեր և ձախեր: ԵԺԿ-ն մեծամասնություն է, բայց Եվրոպական միության խորհրդարանի մեջ խմբակցությունները դեռ կազմավորման մեջ են․այս օրերին պատգամավորներն այստեղ են և բանակցում են՝ որ կուսակցությունը՝ որ խմբակցության մաս կազմի, և ընդհանրապես որոնումների մեջ են, դաշնակիցներ են ման գալիս: Ինչևէ, ընտրությունը ընտրություն է»:
Մեր այն հարցին, թե ի՞նչ մոտեցումներ ունեն կուսակցությունների պատգամավորները հետխորհրդային երկրների, մասնավորապես՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և Հայաստանի մասին, Պետո Դեմիրճյանը պատասխանեց․ «Եթե նկատի ունենանք Արևելյան Եվրոպան, ապա ամենանվազ, ամենաքիչ՝ 13 տոկոսի համար Սլովենիան, Չեխիան քվեարկեցին, մինիմումի բերեցին քվերակությունը: Բայց հատուկ խոստումներ Ռուսաստանի և Ուկրաինայի մասին չտվեցին, յուրաքանաչյուր կուսակցություն իր դիրքորոշումն ունի: Պարզապես Արևելյան Եվրոպայի երկրները, որոնք նախկինում Խորհրդային միության արբանյակ երկրներ էին, մտահոգություն ունեին՝ ինչպես Եվրոպան պետք է ինչ-որ չափով ձերբազատվի կամ նվազ կախվածություն ունենա ռուսական գազից»:
Մեր այն դիտարկմանը, թե, փաստորեն, այս ընտրություններով հայերի համար էական ոչինչ չի փոխվում, մեր զրուցակիցն ասաց․«Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ այդպես է: Հայաստանը Եվրոպական միության ընդհանուր աշխատանքների մեջ մի փոքր մասնիկ է: Թե Հայաստանի մասով ինչ փոփոխություններ կլինեն, գալիք մի քանի ամիսների ընթացքում պարզ կլինի, երբ նոր հանձնակատարներ կլինեն, հանձնաժողովը կկազմվի: Հայաստանի հետ անմիջական գործ ուներ Շտեֆան Ֆյուլեն. նա հավանաբար կփոխվի, նոր պորտֆել կստանա, իսկ նորը կարող է նոր մոտեցումներ ունենալ։








































