Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է օգնել Վրաստանի կառավարության անդամներին ու պետության ղեկավարին։ Այս մասին նա վրացի լրագրողներին հայտարարել է Ուկրաինայում, այնտեղ երկրի նոր նախագահի երդմնակալությունից հետո՝ տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
«Ես կարող եմ պաշտպանել Վրաստանի միջազգային դիրքորոշումները։ Այժմ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Վրաստանի համար առաջացել է հնարավորություն, և մեր խնդրին էլ ավելի ուշադրություն են դարձնում։ Դա տեղի ունեցավ Ուկրաինայում իրադարձություններից հետո, և այն վտանգի համատեքստում, որն արդեն բոլորն են զգում։ Այդ իրավիճակում իմ խնդիրն է օգնել Վրաստանին՝ չնայելով ով է իշխանության ղեկին և ով կհաղթի ընտրություններին։ Ես պատրաստ եմ օգնել մեր երկրի կառավարությանն ու նախագահին, որպեսզի օգտագործվի այդ յուրօրինակ հնարավորությունը՝ միջազգային ասպարեզում մեզ համար մեծ օգուտով։ Եվ ես ունեմ համապատասխան կապեր»,- նշել է նախկին նախագահը։






































