Մայիսի 30-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները հնարավորություն են տալիս աշխատողներին հրաժարվել պարտադիր համակարգից, սակայն պետական հիմնարկների աշխատակիցներին, ըստ Էության, նման հնարավորություն չի տրվում: Դպրոցների, բուժհիմնարկների, նախարարությունների հաշվապահությունները դեռևս հատուկենտ դիմում են ստանում համակարգից հրաժարվելու վերաբերյալ: Օրինակ՝ ուսուցիչնենրը, դասախոսները պարբերաբար հայտնում են, որ իրենց դիմումները ղեկավարությունը չի ընդունում, կամ ընդունելու դեպքում դրանց ընթացք չի տրվում:
«Առաջին լրատվական»-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ նախարարությունում, դպրոցներում «Պարտադիր կուտակայինի» վերաբերալ բողոքներ կա՞ն: «Կուտակայինի մասով նախարարություն հասած բողոքներ չունենք, կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններից ևս բողոքներ չկան»,- պատասխանեց նախարարը:
Հիշեցնենք՝ մինչև վերջերս բազմաթիվ ուսուցիչներ կուտակային կենսաթոշակների այս համակարգից դժգոհում էին: Անգամ ԿԳ նախարարության դիմաց ակցիա էին կազմակերպել: Մի՞թե դժգոհություններն այդքան շուտ վերացան:






































