Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը արդեն 3 ամսից ավելի է՝ շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունում՝ չնայած ՌԴ օրենքներով դա արգելված է Ուկրաինայի քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը՝ փոխանցում է korrespondent.net-ը:
Դա կապված է Վիկտոր Յանուկովիչի՝ իր անձնական անվտանգությունն ապահովելու խնդրանքի հետ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Պատասխանելով հարցին՝ ի՞նչ հիմքով է նա այդքան երկար ժամանակ մնում Ռուսաստանում, Լուկաշևիչը պատասխանել է. «Ժամանակին Վիկտոր Յանուկովիչը դիմել է իր անձնական անվտանգությունն ապահովելու խնդրանքով»:
Լուկաշևիչի խոսքով՝ նրան այդպիսի երաշխիքներ տրամադրվել էին:
Հիշեցնենք՝ Շվեյցարիան սառեցրել է Յանուկովիչի և նրա դաշնակիցների հաշիվներում եղած 137 մլն եվրոն:






































