Երգիչ Ջասթին Բիբերը ներողություն է խնդրել իր երկրորդ ռասիստական տեսանյութի համար՝ գրում է The Sun-ը, որն ավելի վաղ հրապարակել էր տեսանյութ, որում երգիչը քաղաքականապես ոչ կոռեկտ երգ է կատարում՝ սեփական One Less Lonely Girl երգի նմանակումը, որտեղ girl բառը փոխարինված է արևմտյան երկրներում սևամորթներին բնութագրող արգելված բառով: Այդ տեսանյութում Բիբերը մոտ 14 տարեկան է:
Երգիչը թերթին ասել է, որ բախումներն իր անցյալի սխալների հետ ամենաբարդ բաներից է իր կյանքում: «Բայց հիմա ես զգում եմ, որ պետք է ստանձնեմ այդ սխալների պատասխանատվությունն ու թույլ չտամ, որ դրանք տարածվեն»,- ասել է 20-ամյա Բիբերը:
«Ես շատ եմ ցավում: Ես բոլոր մշակույթների մարդկանց հետ ընկերությունը շատ լուրջ եմ ընկալում և ներողություն եմ խնդրում, որ որևէ մեկին նեղացրել եմ կամ ցավ պատճառել իմ երեխայական և աններելի սխալով»,- ասվում է Բիբերի հայտարարության մեջ, որը մեջբերում է The Daily Mail-ը:
«Այն ժամանակ ես երեխա էի, հիմա տղամարդ եմ, որը գիտակցում է աշխարհի առջև իր պատասխանատվությունը, և այդ սխալը չեմ կրկնի»,- նշել է երգիչը:







































