«Թալիբան» շարժումը մի տեսագրություն է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչներին փոխանցում սերժանտ Բոուի Բերգդալին, ով թալիբների կողմից գերի էր վերցվել Աֆղանստանի Պատիկա նահանգում և գերության մեջ էր մնացել 5 տարի շարունակ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, թալիբները համաձայնել էին Բերգդալին փոխանակել Գուանտանամոյում գտնվող «Թալիբան» շարժման հինգ ակտիվիստների հետ:
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է Blackhawk ուղղաթիռը վայրէջք կատարում, որից դուրս են գալիս երեք մարդ՝ երկու ամերիկացիներ և նրանց թարգմանիչը, ովքեր սափրված և սպիտակ վերնաշապիկով զինվորականին տանում են իրենց հետ:
Դատելով տեքստից, որը հնչում է տեսագրության մեջ, թալիբները նախօրոք ամերիկացիների հետ պայմանավորվել էին, որ ուղղաթիռի վայրէջքի հրապարակը զինված 18 գրոհայիններ կհսկեն, որոնց դեմքերը ծածկված կլինեն:
Փոխանցումն առանց միջադեպերի է գրանցվել: Երբ ուղղաթիռը օդ է բարձրանում, լսելի է «Այլևս Աֆղանստան չվերադառնաք» արտահայտությունը, փոխանցում է NEWSru Israel-ը:










































