Այսօր տեղի ունեցավ «Գրանիշ» գրական հանդեսի նոր համարի շնորհանդեսը: Հանդեսը լույս է տեսել «Գրանիշ» գրական ակումբի, Համազգային հայ կրթական և մշակութային միության և «Անտարես» հրատարակչության գործակցությամբ:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը իր խոսքում նշեց, որ պետք է ստեղծագործել և հրապարակում լինել, քանի որ իշխանությունը, տեսնելով լլկված մտավորականին, կարծում է, որ ինքը լավ բան է անում, համենայնդեպս՝ բողոքողները քիչ են, հրապարակը չի լցվում, հրապարակում քիչ են մտավորականները, անկախ նրանից՝ նրանք կոշտ «ր»-ով են, թե փափուկ, և սա բերում է նրան, որ մենք ունենք այն, ինչ ունենք:
Նրա կարծիքով՝ գրողն ու մտավորականը պիտի այնպիսի դիրքավորում ունենան հասարակության մեջ, որ իշխանությունը մրսի նրանից և, մինչև արտահայտվելը, այդ մրսելուց մի պահ մտածի՝ արտահայտվի՞, բրնձի՞, թե՞ չբրնձի:
«Այն, ինչ տեսնում ենք՝ դա բրնձած է, դա անարգանք է, որը հետևանք է նրա, որ շատ մտավորականներ հրապարակում լռել են կամ հրապարակում չեն եղել: Տարիներ շարունակ, այն ժամանակվանից, երբ Սաակաշվիլին Վրաստանում եկավ իշխանության, շփվելով վրացի մտավորականների հետ՝ ես տեսնում էի, թե ինչու են նրանք ամեն օր մի քար դնում իրենց պետության պատի մեջ»,- ասաց նա:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ նշեց, որ արտաքուստ թվում է՝ հստակ պատկերացում կա մեր երկրի, մեր հասարակության, մեր գրողների մեջ, թե ինչպիսին պետք է լինի գրողն իր քաղաքացիական դիրքորոշման մեջ:
«Յուրաքանչյուրը կարծես թե ունի իր մոտեցումները, հաճախ բարձրաձայնում է, բայց հավատացեք, եթե հիմա ցանկանաք ինքներդ նմանատիպ փորձ ձեռնարկել և հասնել դրա իրականացմանը, կտեսնեք, որ շատ ու շատ ազնվորեն բարձրացված հարցեր վերաիմաստավորման կարիք ունեն: Իրականում շատ դժվար է տարորոշել՝ քաղաքացիական կեցվածքը գրականության մեջ արդյո՞ք միայն նյութի հրատապությամբ, նյութի տրամադրությամբ ու անմիջական արձագանքով պիտի որոշվի»,- ասաց նա՝ հավելելով՝ «Գրանիշը» գալիս է դրան պատասխանելու, որ՝ և այո, և ոչ, և ընդհանրապես քաղաքացիական ընդհանրության մեջ բոլոր հարցերին կարելի է պատասխանել և այո, և ոչ:
Սա, ըստ նրա, մի կողմից վկայում է խնդրի տարողունակության մասին, և վկայում է մի շատ ցավալի բանի մասին, որ մեր հասարակության մեջ ցանկացած խնդրից խոսելիս, վիճարկելիս ու վիճաբանելիս հավակնություն ունենք վերջնական կարծիքներ հայտնելու, բայց մեզանում գրեթե ամեն ինչ սաղմնային վիճակում է. նույնը վերաբերում է Հայաստանում քաղաքացու, քաղաքացիականության ընկալմանը:
«Ես հորդորում եմ գրողներին, հատկապես լավագույն գրողներին, որոնք պետք է մեր դեմքը դառնան աշխարհում քաղաքացիական դրսևորման մեջ մեղադրելուց առաջ նախ ճշգրտեն՝ իրենք մա՞րդ են, պոե՞տ, քաղաքացի՞, թե՞ երեք էլ միասին»,- հավելեց նա:










































