ԵԱՀԿ պաշտոնական կայքի աշխատանքի խափանումների պատճառը հզոր DDoS-հարձակումն է: Սա ITAR-TASS-ի թղթակցին հաստատել են ԵԱՀԿ մամլո ծառայությունում:
Չորեքշաբթի օրը ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ «շարունակվող DDoS-հարձակումն անընդունելի է»: Նրա խոսքով՝ «գործի են դրվել խոսքի ազատությունը սահմանափակել փորձող ուժեր»:
«Մենք դեռ ենթարկվում ենք հարձակման և աշխատում ենք այդ իրավիճակից ելք գտնելու ուղղությամբ»,- ասել են ԵԱՀԿ-ում: Միաժամանակ նշվել է, որ կայքի աշխատանքը հաջողվել է մասամբ վերականգնել, բայց խաթարումներ դեռ կան:
ԵԱՀԿ կայքն այցելուների համար անհասանելի է դարձել երեքշաբթի օրը Ուկրաինայում դիտորդների առաքելության հերթական զեկույցի հրապարակումից հետո: Դրա մեջ դիտորդները նշել են, որ Լուգանսկի մարզային պետական վարչության շենքը հունիսի 2-ին հրթիռակոծվել է:
Պաշտոնական Կիևը հերքել է այդ դեպքին ուկրաինական ռազմաօդային ուժերի մասնակցությունը՝ տեղի ունեցածը բացատրելով հենց վարչության շենքում ռազմամթերքի պայթյունով: Երբ ԵԱՀԿ կայքն անհասանելի դարձավ, մի շարք ուկրաիանկան ԶԼՄ-ներ հայտարարեցին, որ կազմակերպությունը մտադիր է ճշգրտել Լուգանսկում իրադարձությունների մասին իր զեկույցի տեքստը: Սակայն, ինչպես ITAR-TASS-ին հայտնել է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության մամլո քարտուղար Մայքլ Բոչուրկիվը, հունիսի 2-ին ստացված տեղեկության հիման վրա արված եզրահանգումները դիտորդները մտադիր չեն փոխել: Բացի դրանից՝ կայքի խնդիրների ընթացքում զեկույցը ընթերցողներին հասանելի դարձնելու համար ԵԱՀԿ մամլո ծառայությունը դրա տեքստը տեղադրել է իր Facebook-յան էջում:






































