ՆԱՏՕ-ն սերտորեն կհամագործակցի Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոյի հետ և կաջակցի անվտանգության ոլորտում ուկրաինական բարեփոխումներին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ դաշինքի 28 երկրների պաշտպանության նախարարների հանդիպման հիմնական աշխատանքային նիստի արդյունքներով՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Մենք հետաքրքրությամբ սպասում ենք Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ աշխատանքին»,- ասել է նա:
«Մենք, ինչպես նախկինում, Ղրիմը դիտարկում ենք որպես Ուկրաինայի մաս: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին Ղրիմը վերադարձնել Ուկրաինային»,- հայտարարել է դաշինքի ղեկավարը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն որոշում է ընդունել դաշինքի հավելյալ ուժերի օպերատիվ տեղակայման համար թիկունքային ենթակառուցվածքի նախնական ստեղծման մասին: Ինչպես հանդիպման կուլիսներում ITAR-TASS-ին հայտնել է ռազմական աղբյուրը, խոսքն առաջին հերթին դաշինքի կազմի մեջ մտնող արևելաեվրոպական պետությունների մասին է:
Նա նաև ընդգծել է, որ այդ գործունեությունը, ՆԱՏՕ-ի կարծիքով, չի հակասում 1997թ. Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտին:









































