Սիրիայում նախագահական ընտրությունների արդյունքները կհայտարարվեն մեկ օրից ոչ շուտ և միայն ձայների ամբողջական հաշվարկից հետո: Այս մասին ITAR-TASS-ի հետ հարցազրույցում ասել է ընտրությունների հարցով Բարձրագույն դատական կոմիտեի ղեկավար Հիշամ աշ-Շաարը:
«Օրենքով, ձայների հաշվարկի ժամկետ սահմանված չէ: Նկատի ունեցեք, որ ոչ մի նախնական արդյունքներ չեն հրապարակվի: Նախնական և վերջնական արդյունքները կհրապարակվեն միաժամանակ»,- ասել է նա:
«Քվեարկության ավարտից հետո տեղի ընտրական հանձնաժողովները հաշվարկում են ձայները և համեմատում դրանք տվյալ ընտրատեղամասում քվեարկածների թվի հետ: Եթե տարբերությունը երկու տոկոսից ավելի է, այդ ընտրատեղամասում արդյունքները չեղյալ կհայտարարվեն»,- հստակեցրել է նա:









































