Թիմոկրատիան հին հունարենից թարգմանաբար նշանակում է հարուստների իշխանություն (time – գին, արժեք, krateo – իշխանություն): Կառավարման նման համակարգում իշխանությունը կենտրոնացվում է հարուստների փոքրաթիվ խմբի ձեռքում: Կառավարողների արժանիքները հիմնվում են ոչ թե նրանց խելքի, իմաստության, բարոյականության և հանրային պատասխանատվության, այլ գլխավորապես փողի վրա: Ըստ Պլատոնի՝ թիմոկրատիան համարվում է կառավարման վատագույն մոդելներից մեկը և զարգանալով՝ վերածվում է օլիգարխիայի: Իսկ ի՞նչ կասեր Պլատոնը հայաստանյան թիմոկրատների մասին:
Այժմ Հայաստանում քաղաքական իշխանությունը կենտրոնացած է անձնական մեծ կարողություն ունեցող փոքրաթիվ անձանց ձեռքում: Ընդ որում, այդ անձինք ոչ թե պարզապես վերահսկում են քաղաքականությունը, ազդում նրա ընթացքի վրա, այլ իրականացնում են հենց իրենք` զբաղեցնելով բարձրագույն պետական պաշտոններ: Գործնականում սա անհնար է դարձնում ժողովրդավարության զարգացումը պետության մեջ, որովհետև իշխանության համար դա կնշանակի կտրել այն ճյուղը, որի վրա ինքն է նստած:
Փողապետական իշխանության հիմնական նպատակը հարստության անհագ կուտակումն է, որն արդյունքում հանգեցնում է հասարակության մեջ սոցիալական բևեռվածության խորացմանը: Առաջանում է փոքրաթիվ հարուստների և մեծաթիվ աղքատների վիթխարի զանգված: Ներկայումս Հայաստանում աղքատության ցուցանիշը կազմում է շուրջ 35%: Այսինքն՝ Հայաստանում գրեթե 1 միլիոն մարդ աղքատ է: Բևեռվածության այսպիսի խորացումն ավելի է մեծացնում սոցիալական անարդարության զգացումը, որն ամեն պահի կարող է վառոդի տակառի պես պայթել: Պատահական չէ, որ ֆրանսիական հեղափոխության հիմնական կոչերից մեկն էր` «պատերազմ պալատներին, խաղաղություն խրճիթներին», որի արդյունքում ֆրանսիական ազնվականության և հարուստ խավի մի վիթխարի զանգված թալանվեց և ոչնչացվեց զայրացած հեղափոխական ամբոխի կողմից:
Այս հեռանկարը միշտ դեմոկլյան սրի պես կախված է փողապետական իշխանության գլխին, որն աչքի է ընկնում սոցիալական և քաղաքացիական անպատասխանատվությամբ, հասարակական կարիքների նկատմամբ անտարբերությամբ, փակվում է հասարակության հիմնական շերտերից և ապրում իր նեղ կլանային պատկերացումներով ու շահերով: Հայաստանում բարձրագույն իշխանությունը հիմնականում իր մեջ կրում է թիմոկրատիայի բոլոր հիմնարար հատկանիշները: Ավելին` այն թիմոկրատիայի և օլիգարխիայի միաժամանակյա համադրություն է` հիմնված փողի և իշխանության փոխպայմանավորող սկզբունքի վրա:
Բայց հայկական քաղաքականության յուրահատկությունն այն է, որ մեզանում փողապետական է ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը: Եկե՛ք վերլուծենք: Ներկայիս ընդդիմության առաջնորդող ուժը նման պատվի արժանացել է ոչ թե իր քաղաքական ծրագրի արդյունավետության, հասարակության զարգացման այլընտրանքային և ավելի մրցունակ մոտեցումների, այլ փողի և նյութական մեծ ռեսուրսների տիրապետման շնորհիվ: Այդ ուժը ոչ միայն այլընտրանք չէ ներկայիս թիմոկրատական իշխանությանը, այլև այդ իշխանության տեսակը պահող հիմնասյուներից մեկն է:
Բայց ինչպե՞ս է սա հնարավոր: Այստեղ մենք գործ ունենք հայկական քաղաքականության ամենամեծ աբսուրդներից մեկի հետ: Այդ ուժը ընդդիմության առաջնորդող է դարձել հայկական քաղաքականության ինտելեկտուալ հայրերից մեկի ջանքերով: Նա, ով ներկայացնում էր բարձր քաղաքականության թերևս միակ մտավոր այլընտրանքը, ընդդիմության առաջնորդող է դարձնում մի ուժի, որի գլխավոր արժանիքը փողն է: Այսինքն՝ միտքը ինքնակամ ենթարկվում է փողին, քաղաքական ծրագիրը ստորադասվում ֆինանսական ռեսուրսին և ընդդիմությունն էլ դառնում է փողապետական, որովհետև գլխավոր հաղթաթուղթը փողն է:
Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ փողապետական է ամբողջ հայկական հասարակությունը: Մեր հասարակության մեջ մարդը արժևորվում է ոչ թե իր մտավոր կարողություններով, բարոյական վարքով, քաղաքացիական պահվածքով, սոցիալական պատասխանատվությամբ, տաղանդով, կարդացած գրքերի քանակով կամ հետաքրքիր անհատականություն լինելով, այլ պաշտոնով, աշխատավարձի չափով, բանկային հաշվի մեծությամբ, մեքենաների շքեղությամբ, նորաձև հագուստով, ավելի մեծ հեռախոսներով, ավելի փոքր գրադարաններով, ավելի հարուստ ընկերներով: Նման հասարակությունը ստեղծում է իր պահանջներին ենթարկվող անհատներ, և խաղի բոլոր կանոնները սահմանվում և խախտվում են փողի տրամաբանությամբ: Արդյունքում մենք ունենք փողապետական իշխանություն, փողապետական ընդդիմություն, փողապետական հասարակություն, որոնք պայքարում են նույն բանի համար, սակայն տարբեր հնարավորություններով և տարբեր անուններով:








































