ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է կազմակերպության գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի հայտարարությունն Ադրբեջանում՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի արագ կարգավորման հետ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ նախագահ Բուրկհալտերի կոչը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար կառուցողկան բանակցություններ անցկացնելու ուղղությամբ»,- գրել է նա:
Հիշեցնենք, երեկ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ և արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը այցով գտնվում էր Ադրբեջանում:
«Մենք վստահ ենք, որ պետք է քայլ առ քայլ շարժվենք դեպի խաղաղություն: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նոր անհրաժեշտություն է առաջացել: Առաջարկվել է այդ հանդիպումն անցկացնել Փարիզում, մենք նույնպես այդ գաղափարն ենք առաջարկել: Մենք հանդես ենք գալիս մոտ ապագայում այդ հանդիպումն անցկացնելու օգտին: Այդ հանդիպումը պետք է դառնա բանակցությունների նոր փուլի սկզբնակետ: Մյուս կողմից, դա կարող է դառնալ կառուցողական բանակցությունների գործընթաց, որը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի: Իսկ այդ բանակցային գործընթացը պետք է հիմնված լինի Մադրիդյան սկզբունքների վրա»,- ասել էր ԵԱՀԿ նախագահը:







































