Երեկ հերթական նիստն է տեղի ունեցել ոչ իշխանական քառյակի շրջանակում: Այս նիստը կարելի էր և առանձնակի ուշադրության չարժանացնել, եթե այն տեղի չունենար մի իրավիճակում, երբ ողջ հասարակությանը փոթորկել է Աստանայում Հայաստանին հասցված հարվածը, որը Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության ակնհայտ կրախի արդյունքներից մեկն է, հերթականը և ցցունը:
Եվ այս իմաստով տրամաբանությունը հուշում է, որ, այսպես կոչված, ոչ իշխանական քառյակի օրակարգում առաջին և կարևոր հարցը պետք է սա լիներ՝ Աստանայի վտանգավոր զարգացումները, և քառյակը պետք է որ հասարակությանը ինչ-որ կերպ կողմնորոշեր այս հարցով, կարծիքներ հնչեին, գնահատականներ, նաև պահանջներ իշխանություններին, քանի որ Սերժ Սարգսյանն ըստ էության մինչև հունիսի 15 ինչ-որ ժամանակ է խնդրել, իսկ Պուտինն ու Նազարբաևը նրան մինչև հուլիս են ինչ-որ ժամանակ տվել:
Այսինքն` առաջիկայում ինչ-որ կուլիսային զարգացումներ են տեղի ունենալու, որտեղ Հայաստանի ճակատագրի հարց է վճռվելու: Եվ այս պայմաններում տրամաբանությունը հուշում է, որ քառյակի նիստում ըստ էության առաջին հարցը պետք է հենց այս խնդրին վերաբերեր, կամ եթե խնդիր չկա, եթե քառյակը խնդիր չի տեսնում, ինչը, իհարկե, ևս ոչ պակաս մեկնաբանություն և տեսակետ կլիներ, ապա պետք էր հասարակությանը հանդարտեցնել հայտարարությամբ և ասել, որ խնդիր չկա և իզուր խուճապ պետք չէ:
Սակայն քառյակը չի անում ոչ այս, ոչ այն, այլ վերցնում և 12 կետանոց պահանջներ է ներկայացնում կառավարությանը, ըստ որում, չգիտես ինչու, այդ պահանջները առայժմ չեն մանրամասնվում: Երևի դրանք պետք է մի հատ էլ կառավարության հետ համաձայնեցնեն, այսինքն` Հովիկ Աբրահամյանը երևի պետք է նայի պահանջները և որպես «բոլորի համար ընդունելի» վարչապետ հասնի նրան, որ 12 պահանջներն էլ լինեն «բոլորի համար ընդունելի»:
Այս իրավիճակը հիշեցնում է հին անեկդոտը Պոլոզ Մուկուչի Վենետիկ այցի մասին, երբ վերադարձից հետո գյումրեցիները նրան հարցնում են, թե ինչպիսին էր Վենետիկը, Պոլոզը պատասխանում է. «Դե ջուրը լցվել էր քաղաքը, իրանց հեչ վեջը չէր՝ տանցի կխաղային (այսինքն` պարում էին)»:
Արտաքին մարտահրավերները գրեթե ամեն օր բախում են Հայաստանի դռները և Աստանայի ուժգին բախման ձայնը դեռ չի մարել, իսկ Հայաստանում, այսպես ասած, ընդդիմություն ներկայացող ոչ իշխանական քառյակը զբաղված է ինչ-որ 12 կետանոց պահանջներով, որոնց համար էլ կառավարությանը մինչև աշուն ժամանակ է տալիս: Սա արդեն ոչ թե հրաշալի, այլ քնքուշ քառյակ է` նկատի ունենալով այն քաղաքավարի, քնքուշ վերաբերմունքը, որ դրսևորվում է Հովիկ Աբրահամյանի կառավարության հանդեպ:
Խնդիրն այն է, որ երբ Հայաստանը գտնվում է այսպիսի վիճակում, երբ արտաքին մարտահրավերները ստանում են նման մասշտաբներ և հրատապություն, երբ այս ամենով հանդերձ երկրում կազմավորվում է քրեաօլիգարխիայի խորհրդանիշ կառավարություն, այդ կառավարությանն ինչ-որ 12 կետ ներկայացնելն ու մինչև աշուն ժամանակ տալն արդեն ոչ թե ճտերի հաշվել է հիշեցնում, այլ հիշեցնում է, որ լավ հաշվել են հասարակության ատամներն ու «տանցի են խաղում», իսկ երկրի անկախության կորուստն իրականում ոչ մեկի «տանցի»-ին էլ չէ:
Լուսանկարը՝ Photolure-ի











































