Միացյալ ազգերի կազմակերպությունը շարունակում է քննարկումները լիբիական հիմնախնդրի շուրջ: Անվտանգության խորհրդի անդամները չեն կարողացել կոնսենսուսի հասնել Լիբիայի օդային տարածքը փակելու շուրջ, իսկ քննարկումները շարունակվելու են այսօր: Ակնկալվում է, որ շրջանառության մեջ դրված բանաձևի քվեարկությունը կլինի մարտի 17-ին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Եգիպտոսում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ միջազգային հանրությունը, որքան հնարավոր է, արագ պետք է միջոցներ ձեռք առնի Լիբիայի ռեժիմի դեմ: «Ժամանակը մեր դեմ է աշխատում: Մենք պետք է շտապ գործենք»,- ասել է Քլինթոնը: «Անհրաժեշտ է պաշտպանել Լիբիայի ժողովրդին իրենց առաջնորդից, որը կարծես մտադրվել է որքան հնարավոր է՝ շատ լիբիացի սպանել»,- ավելացրել է նա: Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդեն ընդունել է մի բանաձև, որով պատժամիջոցներ են կիրառվել Քադաֆիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, սառեցվել են նրանց հաշվեհամարները, արգելվել է նրանց մուտքն այլ երկրներ:
Սակայն մինչ միջազգային հանրությունը քննարկում է այդ հարցը, գնդապետ Քադաֆիի ուժերը շարունակում են խաղաղ բնակչության ռմբակոծությունը: Երեկ ամբողջ օրը ռմբակոծվել է Միսրատա քաղաքը: Հարձակումը եղել է երեք ուղղությամբ: Իսկ Քադաֆին Միսրատայի համար որոշիչ ճակատամարտը նշանակել է մարտի 17-ին: Քադաֆին այս մասին հայտարարել է ֆրանսիական Le Figaro թերթին: Նա կարծիք է հայտնել, որ ընդդիմության առաջնորդներն արդեն փախչում են Եգիպտոս: Ինչ վերաբերում է Բենղազիի համար կռիվներին, նա ասել է, որ Բենղազիի ժողովուրդն ինքը կքշի ապստամբներին Լիբիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքից: