ԱՄՆ ԱԱԾ-ն ամբողջ աշխարհով մեկ համացանցի օգտագործողների միլիոնավոր լուսանկարներ է որսում, հաղորդում է The New York Times-ը:
«ԱԱԾ-ն զգալիորեն ուժեղացրել է օգտագործողների տվյալները հավաքագրելու ծրագիրը: Այժմ ԱԱԾ-ն շեշտը դրել է ոչ միայն էլեկտրոնային փոստը որսալու և զանգերը գաղտնալսելու վրա, այլև միլիոնավոր լուսանկարներ է արխիվացնում»,- գրում է պարբերականը՝ հղում անելով Էդվարդ Սնոուդենի 2011թ. տվյալներին:
ԱԱԾ-ի մասնագետները սոցցանցերում լուսանկարներ, տեսակոնֆերանսներ, փոստային հաղորդագրություններ են հայթայթում: Լուսանկարները հատուկ գործակալներին հարկավոր են դեմքերը ճանաչելու բարդ ծրագիր մշակելու համար:
Ներկայումս հայտնի չէ, թե քանի մարդ է տուժել ԱԱԾ-ի գործողություններից: 2011թ. դրությամբ հատուկծառայությունները օրական միլիոնավոր լուսանկարներ են որսում, որոնցից 50 հազարն են օգտակար տվյալների բազայի համար:
Ինչպես հիշեցնում է պարբերականը՝ անձնական տվյալներ հավաքագրելու համար ԱԱԾ-ն պետք է դատարանի հատուկ որոշում ունենա, որն արդարացնում է նման գործողությունների նպատակահարմարությունը:






































