Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ընթանում է Սահակ Հարությունյանի և Ալեքսանդր Խաչատրյանի գործի դատական քննությունը:
Սահակ Հարությունյանը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետն է եղել, իսկ Ալեքսանդր Խաչատրյանը՝ նույն բաժանմունքի առաջատար մասնագետը:
Ըստ մեղադրանքի՝ 36-ամյա Սահակ Հարությունյանը նախնական համաձայնության է եկել 31-ամյա Ալեքսանդր Խաչատրյանի հետ: Իրենց լիազորությունների շրջանակում դատապարտյալի օգտին գործողություն կատարելու՝ համաներման կիրառմամբ պատժի կրումից ազատելու գործընթացը սկսելու նպատակով Հարությունյանն ու Խաչատրյանը Էջմիածին քաղաքի բնակիչ, խարդախության կատարման համար՝ 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով 900 հազար դրամ տուգանքի դատապարտված Բաբկեն Բուդաղյանից 2013 թվականի հոկտեմբերի 4-ին շորթմամբ պահանջել և հոկտեմբերի 14-ին իրենց բաժանմունքի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում ստացել են 400 հազար դրամ կաշառք:
Սահակ Հարությունյանին և Ալեքսանդր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով:
Հարությունյանի և Խաչատրյանի խափանման միջոցը կալանավորումն է:








































