Rolls Royce PLC ընկերությունը ծրագրում է ստեղծել բեռնատար նավեր, որոնք կարիք չեն ունենա մարդու կողմից ղեկավարման: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:
Ընկերության ղեկավարության կարծիքով՝ նման նավերն ավելի էժան կլինեն շահագործման տեսանկյունից և անվտանգ՝ շրջակա միջավայրի համար:
«Ծովում վթարների մեծ մասը տեղի է ունենում մարդկային գործոնի պատճառով: Մարդիկ հոգնում են, չեն կարողանում կենտրոնանալ և սխալվում են: Մենք կարող ենք նավի կառավարման ավելի անվտանգ միջոց առաջարկել»,- ասել է ընկերությունում ծովագնացության ինովացիաների համար պատասխանատու Օսկար Լևանդերը:
Նրա խոսքով՝ արդեն հիմա նավերի մեծ մասում ղեկավարման և ինովացիոն աշխատանքները կատարում են նավի վրա գտնվող համակարգիչները: Ընկերությունում կարծում են, որ այդ համակարգիչների հետագա զարգացման շնորհիվ դրանք կկարողանան ամբողջությամբ կառավարել նավը՝ վերացնելով նավապետի անհրաժեշտությունը:











































