Վաղը ամառ է, բայց դա ամենևին չի նշանակում, որ քաղաքական զարգացումները կարող են հետաձգվել մինչև աշուն: Հայաստանում, անկախ տարվա եղանակից, հասարակական տրամադրությունները բուռն են ոչ թե իշխանության հանդեպ ատելության կամ ընդդիմության հանդեպ սիրո պատճառով, այլ որովհետև մարդիկ ունեն տարրական ապրուստի հետ կապված խնդիրներ, մարդիկ ունեն իրենց և իրենց զավակների մարդկային տարրական կարիքները հոգալու անելանելիության խնդիրը, մարդիկ չեն կարողանում ապրել, չեն կարողանում իրենց երեխաներին կերակրել, հագցնել, կրթություն տալ, առողջական խնդիրները հոգալ: Կամ` նրանց զգալի մասն էլ եթե հոգում է, ապա սեփական արժանապատվության և սեփական առողջության գնով, հաճախ` կյանքի գնով: Մարդիկ դրա համար են բուռն արձագանք դրսևորում քաղաքական գործընթացներին:
Այդ տեսանկյունից, Հայաստանում իրավիճակի փոփոխություն տեղի չի ունենում բացարձակապես: Եթե վիճակագրական պետական ծառայությունը գների անկում արձանագրի ամռանը, ապա դա դեռ չի նշանակի, որ մարդկանց կյանքը դրանից կթեթևանա: Ամռանը սեզոնային գնանկումը թույլ է տալիս է այդպիսի վիճակագրական մանիպուլյացիաների դիմել, թեև դրանք էլ հասարակության վրա չեն ազդում, քանի որ իրական կյանքի հետ կապ չունեն: Բայց խնդիրն այն է, որ անգամ այդ պարագայում, աշնանը սեզոնային էֆեկտը դանդաղ չեզոքանալու է, ապրուստը կամաց-կամաց մոտենալու է ձմեռային բարդ ռեժիմին, և մարդկանց համար կրկին սրվելու են սոցիալ-տնտեսական խնդիրները:
Այլ կերպ ասած` Հայաստանը մի վառոդի տակառ է` ներքին հարյուրավոր չլուծված խնդիրներով, տասնյակ և հարյուր հազարավոր ծայրահեղ կարիքավոր քաղաքացիներով, ովքեր ընդամենը մի կայծի են սպասելու` վերստին ակտիվանալու և իրենց դժգոհությունն արտահայտելու համար: Աշնան կեսից արդեն բնակչությունը կրկին զգալու է իրավիճակի ամբողջ ծանրությունը, եթե իհարկե իշխանությունը մինչ այդ խոհեմություն չունենա երկխոսության գործընթացից օգտվելու և իրավիճակից դուրս գալու ռեալ քայլեր անելու համար: Այլապես նրա հաշվարկը, թե կարող է ժամանակ ձգել, թերևս, այդքան էլ արդարացված չէ, քանի որ վառոդի տակառի վրա նստած իշխանության համար «ժամանակը» և «ձգելը» դառնում են խիստ հարաբերական հասկացություններ: Ավելին, ռեալ և համակարգային քայլեր չանելու պարագայում, իրադարձությունները Հայաստանում կարող են թելադրվել հենց հասարակական տրամադրություններով, որոնք կարող են, այսպես ասած, ուղղումներ և վերանայումներ պարտադրել երկխոսության ծրագրի հետ կապված, և որևէ մեկն այդ ուղղումներին ու վերանայումներին համարժեք չգտնվելու պարագայում հայտնվելու է ընդամենը հանրության թիրախի դերում:
Այդպիսով, հասարակական անտարբերության կամ հանդարտության պարագան Հայաստանում շատ հարաբերական: Այժմ հասարակությունն ուղղակի ամենայն սրությամբ գոյության խնդիր է լուծում, ինչը բացառում է տևական հիասթափությունը: Իսկ եթե դրան գումարվի նաև այն մշտական քաղաքացիական ակտիվության ֆոնը, որ առկա է Հայաստանում արդեն տարիներ շարունակ, ապա նկատելի է, որ Հայաստանում ժամանակ շահելու քաղաքականությունը կարող է այն փորձողի համար լինել առնվազն նույնքան ռիսկային, որքան ռիսկային կլինի հասարակության ու պետության համար:











































