Համացանցում «աշխարհում ամենատգեղը» ճանաչված աղջիկը ինքնակենսագրական ֆիլմի համար 200.000 դոլարից ավել գումար է հավաքել: Միջոց գտնելու համար նա օգտվել է քրաուդֆանդինգյան հարթակից և շատ հովանավորներ է գտել՝ հայտնում է vesti.ru-ն:
Ամերիկուհի Էլիզաբեթ Վելասկեսը ծնվել է 1989 թվականին: Ծնվելուց կարճ ժամանակ անց բժիշկները նրա ծնողներին հայտնել են, որ աղջիկը բացառիկ հազվադեպ խանգարումով է տառապում: Նա ամբողջ աշխարհի 3 մարդկանցից մեկն է, որոնք տառապում են այդ համախտանիշով, որը նույնիսկ անուն չունի: Խնդիրն այն է, որ աղջիկը ոչ մի կերպ չի կարողանում քաշ հավաքել: 25 տարեկանում նրա քաշը 26 կիլոգրամից մի քիչ է ավել:
Նրա օրգանիզմում պարզապես ճարպ չկա: Նա օրական մոտ 5000 կալորիա է օգտագործում (այն դեպքում, երբ միջին վիճակագրական ամերիկացու համար նորմա է համարվում 3700-ը): Էլիզաբեթի դիմադրողականությունը թույլ է, նա գործնականում չի տեսնում, բայց այդ ամենը նրան չի խանգարում հանդես գալ հետաքրքիր դասախոսություններով և հարցազրույցներ տալ: Նա նաև 3 գրքի հեղինակ է: Լինելով կաթոլիկ՝ նա իր վիճակը համարում է ոչ թե պատիժ, այլ մեծագույն օրհնանք:
Երբ 17 տարեկանում նա YouTube-ում գտավ իր մասին տեսանյութը՝ վերնագրված «Աշխարհի ամենատգեղ աղջիկը», որի տակ համացանցի օգտատերերը մի շարք դաժան մեկնաբանություններ էին արել, ինչպես՝ «Բոլորին լավություն արա, պարզապես սպանիր քեզ», աղջիկը թևաթափ չեղավ. նա որոշեց, որ ոչ մեկին թույլ չի տա ծաղրել իրեն ու պիտակներ կպցնել, հատկապես նրանց, ովքեր իրեն ընդհանրապես չեն ճանաչում:
Աղջիկը երազում էր ավարտել համալսարանը, ոգեշնչող սեմինարներ անցկացնել և գիրք գրել: Իր մասին ֆիլմում, որը պատրաստվում է նկարահանել, Էլիզաբեթը մտադիր է պատմել, թե ինչպես է իրեն հաջողվել իրականացնել իր երազանքը՝ չնայած շրջապատի վիրավորանքներին ու բացասական վերաբերմունքին:
Աղջիկը մտադիր էր ֆիլմի համար հավաքել 180.000 դոլար, բայց նյութը պատրաստելու պահին Kickstarte-ում նրա նախաձեռնության էջում (դրամահավաքի ավարտից 2 օր առաջ) հաղորդվում է ավելի քան 206.000 դոլարի և 3300 հովանավորի մասին:









































