ՌԴ-ն ավարտին է հասցրել Ադրբեջանի համար նախատեսված 100 հատ T-90C տանկերի մատակարարումը և նախատեսում է նույն քանակի 2-րդ խմբաքանակի առաքումը: T-90C տանկերի առաքման պայմանագիրը Մոսկվայի և Բաքվի միջև կնքվել էր դեռևս 2011թ.-ին: Այս պահին շարունակվում են աշխատանքները Մի-171 և Մի-35 ուղղաթիռների, զրահատեխնիկայի, ականանետների, հաուբիցների մատակարարման ուղղությամբ: Ադրբեջանը դիմել է Ռուսաստանին նաև առափնյա կործանիչներ ձեռք բերելու նպատակով:
Ռուսական այս քաղաքականությունը չի կարող չմտահոգել հայաստանցիներին և հայաստանյան կողմին, որը չհանգուցալուծված հակամարտության մեջ է ադրբեջանական կողմի հետ: Այնինչ ռուսաստանցի փորձագետները կարողանում են բացատրություն տալ ՌԴ-ի քաղաքականությանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կասպիական համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն, ռուսաստանցի փորձագետ Սերգեյ Միխեևն ասաց, որ և Ադրբեջանում, և Հայաստանում զենքի մատակարարման յուրաքանչյուր խմբաքանակից հետո բողոքներ են սկսվում: Սակայն, ըստ նրա, Ռուսաստանն ավանդաբար զինամթերք է մատակարարում և Հայաստանին, և Ադրբեջանին:
«Իրականում ռուսական քաղաքականության մեջ էականը հետևյալն է՝ Ռուսաստանը պահպանում է կողմերի միջև հավասարակշռությունը, որպեսզի պատերազմ չսկսվի, քանի որ Ռուսաստանը պատերազմի վերսկսումն անթույլատրելի է համարում. դա կործանարար կարող է լինել տարածաշրջանի համար»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանում ռազմական ներկայության ընդլայնումն ապահովում է ռուսական աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում: Սակայն, նրա համոզմամբ, Ռուսատանը զինում է նաև Ադրբեջանին՝ կողմերի միջև հավասարակշռությունը պահելու համար:









































