Թուրքագետ Հակոբ Չաքրյանը կարծում է` Թուրքիայի նախագահին 2015-ի ապրիլի 24-ին Հայաստան հրավիրելու համար ճիշտ պահը չէր ընտրված: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թուրքագետը նշեց, որ Սերժ Սարգսյանի քայլն իր համար անսպասելի էր:
«Պահանջատիրության հարցը բավական բարդ է, առհասարակ, բոլոր հակամարտություններում ամենաանլուծելի խնդիրներն առաջին հերթին իշխանության, երկրորդը` հողային խնդիրներն են: Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հետո հնարավոր է, որ միջազգայնորեն Ցեղասպանության հետևանքների վերացման գործընթաց սկսվի, որպեսզի ճանաչումն ինքնանպատակ չլինի, թեև, իհարկե, դա պրակտիկ նշանակություն ունի: Թուրքիայի հերյուրանքները նպատակին չեն ծառայում: Եթե միջազգային օրակարգում դրվի նաև Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցը, կարծում եմ` դա շատ ավելի նախընտրելի կլինի»,- ասաց նա:
Չաքրյանը նշեց, որ իր համար նախագահի այդ արտահայտությունն անսպասելի էր, նախ` պահն այնքան էլ հարմար չէ, ոչ թե գալ-չգալու առումով, այլ նախագահի կոչին արձագանքելու առումով. Աբդուլահ Գյուլի պաշտոնավարման ժամկետը լրանում է, նա չի կարող նախագահի կոչին արձագանքել և պատասխան տալ, մյուս նախագահը դեռ հայտնի չէ, հավանաբար Էրդողանը կընտրվի, բայց նա էլ հիմա չի կարող արձագանքել` այն հաշվարկով, որ մեկ է` ինքն ընտրվելու է։ Բացի այդ` հայտնի չէ` ինչ հանգամանքներում է նախագահը նման կոչ արել: Թուրքագետի համոզմամբ` եթե թուրքերը Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման նպատակ ունենային, ապա միջազգային հանրության շահագրգռությունների առարկա դարձած հայ –թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը միակողմանիորեն չէին վիժեցնի:
«Ժխտողականությունը Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի հետ դարձել է ավելի մարտնչող: Եթե թուրքերը իսկապես սեփական պատմության հետ առերեսման խնդիր ունենային, ապա ավելի շուտ կլսեին Բարաք Օբամային, քան Հայաստանի նախագահին: 2009-ի ապրիլի սկզբներին Օբաման, երբ այցելում էր Թուրքիա, հենց նախագահի նստավայրում առիթ տվեց, որ Ցեղասպանության հարցը թուրքական հանրապետության պատմության մեջ առաջին անգամ բարձրացվի հենց Թուրքիայի նախագահի ներկայությամբ, այնուհետև մտավ թուրքական խորհրդարան: Նա այնտեղ ելույթ էր ունեցել, հետո ասել էր, որ իրենք պիտի առերեսվեն իրենց պատմության հետ, ու նրան հոտնկայս ծափահարել էին, սակայն հետագա քայլերի մասին չեն մտածել: Այդ առումով ես չգիտեմ` ինչքանով է նպատակահարմար այս կոչը, գուցե նախագահն ինչ-որ այլ ինֆորմացիա ունի, ես դա չգիտեմ»,- ասաց նա` կարծիք հայտնելով, որ հիմա կոչ անելու պահը չէ, բացի այդ, դրանից առաջ պետք է մտածել արձագանքի մասին` ինչ կլինի, ինչու չի արձագանքում:
Չաքրյանի խոսքով` այսօր ավելի քան 23 երկիր ու միջազգային կառույց ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն առ այսօր շարունակում են անամոթաբար համատեղ հանձնաժողովի առաջարկ անել` համոզվելու համար, որ Ցեղասպանություն եղել է: Թուրքագետը նշում է, որ Թուրքիայի ղեկավարությունն ու թուրք ժողովուրդը շատ լավ գիտի` Ցեղասպանությունը եղել է. ժողովրդի մեջ դեռ 15 թվից տարածվել է «Մեծ ջարդ», «կացնի ավելցուկ», «թրի ավելցուկ», «կոտորածի տարի» արտահայտությունները և առայսօր ժողովրդական լայն զանգվածներում դրանք կան:
«Թրի ավելցուկ, այսինքն` բոլորին չեն հասցրել մորթել: Եթե հասարակ ժողովուրդը դա գիտի, կարծում եմ` իշխանությունները պետք է շատ ավելի լավ իմանան: Իշխող վերնախավն է յուրացրել հայերի ունեցվածքը, կալվածքները: Թուրքերը պատրաստ չեն, ըստ երևույթին, արձագանքել նախագահի հայտարարությանը»,- ասաց նա` նշելով, որ գուցե արձագանք չլինի էլ, իսկ եթե անգամ լինի, ապա Դավութօղլուն կպատասխանի լրագրողների պահանջով:




































