Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Պյոտր Պորոշենկոյին համարում է լավագույն ընտրությունը Ուկրաինայի համար: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
«Ես ընտրված նախագահ Պորոշենկոյին գիտեմ 1980-ականների վերջերից, երբ մենք միջազգային հարաբերություններ էինք ուսումնասիրում Կիևի համալսարանում: Նա հիանալի ուսանող էր և սկսեց բիզնեսով զբաղվել դեռևս ուսման ժամանակ»,- նշել է Սաակաշվիլին իր հոդվածում:
Սաակաշվիլիի կարծիքով՝ Պորոշենկոն ամենից լավ է պատրաստված նախագահության համար՝ շնորհիվ, մասնավորապես, ուկրաինական կառավարությունում իր աշխատանքի: Բացի դրանից՝ նա Ուկրաինայի առաջին նախագահն է անկախության ձեռքբերումից հետո, որն ազատ խոսում է անգլերեն՝ գրում է Վրաստանի նախկին նախագահը:
Նա հավելում է, որ այժմ Պորոշենկոյից պահանջվում են նրա բոլոր գիտելիքներն ու ունակությունները, քանի որ նոր նախագահը պետք է ոչ միայն զբաղվի Ուկրաինայի տնտեսությամբ, այլև երկրում «ցավոտ և անհրաժեշտ» բարեփոխումներ անցկացնի:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա նրա հետ Պորոշենկոն կարող է գործ ունենալ միայն Արևմուտքի աջակցությամբ՝ կարծում է Սաակաշվիլին:








































