Իրանի Ֆարս նահանգի դատախազությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տեղի դատարան է կանչվել քաղաքացիների բողոքներին պատասխանելու համար: Այս մասին հայտնում է AP գործակալությունը:
Երեկ արևմտյան ԶԼՄ-ները՝ հղում անելով իրանական ISNA գործակալությանը, հայտնել էին, որ Ֆարս նահանգի դատարանը Ցուկերբերգին լսումների է կանչել, ինչպես նաև կարգադրել արգելափակել երկու հայտնի հավելվածները, որոնք պատկանում են Facebook-ին (Instagram և WhatsApp): Այդ մասին իբր հայտնել էր «Բասիջի» կամավորական ջոկատների ներկայացուցիչ Ռուհոլլահ Մոմեն Նասաբը՝ նշելով, որ արգելափակված հավելվածները խախտում են իրանցիների անձնական տվյալների գաղտնիությունը:
IRNA գործակալությունը մեջբերում է Շիրազ քաղաքի գլխավոր դատախազ Ալի Ալղասիմեհրի խոքերը, ով հերքել է նաև հաղորդագրությունը Facebook-ի հավելվածների արգելափակման մասին: Նա նշել է, որ բողոքներն այդ ռեսուրսների դեմ դեռևս հետաքննվում են:











































