2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում իրականացվել են անշարժ գույքի 122 հազար 406 գործարքներ, որոնց քանակը, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10.3%-ով: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 33 հազար 388 օտարման գործարքների 76.3%-ը կազմել են առուվաճառքները, 23.0%-ը` նվիրատվությունները և 0.7%-ը` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների 40.2%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 38.2%-ը բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ են:
2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 4.8%-ով: Երևանում անշարժ գույքի 10,009 առուվաճառքի գործարքների 60.6%-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ, իսկ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 11.0%-ով: Բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները նվազել են 1.0%-ով:
2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 3,069 բնակարաններ, որոնց քանակը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.3%-ով: Հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 4.9%-ով:









































