Եվրամիության ոստիկանությունը հաղորդում է, որ ԵՄ 28 անդամ-երկրներում ահաբեկչության սպառնալիքը «սուր և բազմազգ է»՝ չնայած ահաբեկչական հարձակումների թվի նվազեցմանը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Ինչպես նշվում է զեկույցում, Եվրոպայի համար հատկապես մեծ վտանգ են ներկայացնում արմատականները, ովքեր ԵՄ-ում ժամանակավոր կեցության իրավունք ունեն կամ այնտեղի քաղաքացիներ են: Արևմտյան երկրներում ակտիվ քարոզչության արդյունքում հայտնվելով ահաբեկչական կորիզներում՝ այդ մարդիկ ցրվում են ամբողջ աշխարհով, որպեսզի որպես վարձկաններ մասնակցեն զինված հակամարտություններին, օրինակ՝ այնպիսին, ինչպիսին Սիրիայում պատերազմն է: Վերադառնալով՝ նրանք մեծ վտանգ են ներկայացնում ԵՄ երկրների համար:
Այս կապակցությամբ Եվրոպոլը ԵՄ-ում անվտանգության համար պատասխանատու ծառայություններին կոչ է անում ակտիվացնել աշխատանքը՝ «արժանի պատասխան տալու համար արմատական բոլոր խմբավորումների մարտահրավերների»:
Եվրոպոլում նաև նշել են, որ ներկայումս ահաբեկիչների ռազմավարությունը փոխվում է, և ԵՄ բոլոր երկրներում ոստիկանությունը պետք է պատրաստ լինի ընդունելու «նոր հարվածներ»:




































