ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կհանդիպի հունիսի 3-ին՝ Վարշավայում: Այս մասին գրում է Kommersant-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
Օբաման երեքշաբթի զանգահարել է Պորոշենկոյին, շնորհավորել նրան նախագահ ընտրվելու կապակցությամբ և կոչ արել Ուկրաինայում տնտեսական բարեփոխումներ անցկացնել՝ այդ հարցում խոստանալով ԱՄՆ օգնությունը:
Սպիտակ տան հաղորդմամբ՝ Օբաման և Պորոշենկոն պայմանավորվել են նաև շարունակել զրույցը ԱՄՆ նախագահի՝ Եվրոպա այցի ժամանակ: Հայտնի է, որ Օբաման հունիսին կայցելի Լեհաստան, Ֆրանսիա և Բելգիա: Այցերի հստակ ժամկետներն ու ծրագրերը դեռևս հայտարարված չեն՝ բացառությամբ նրա, որ հունիսի 6-ին Օբաման կայցելի ֆրանսիական Նորմանդիա շրջան և մյուս համաշխարհային առաջնորդների հետ կնշի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների վայրէջքի 70-րդ տարին:











































